Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում հյուրընկալել է «Top Ten Award» միջազգային հեղինակավոր մրցանակաբաշխության կազմակերպիչներին եւ հյուրերին: Համաշխարհային ճանաչում ունեցող այս մրցանակաբաշխության առաքելությունն է բացահայտել որակի վերահսկման ճշգրիտ մեխանիզմներ ունեցող լավագույն բիզնես ոլորտները, որոնք գերակայում են շուկայում, ինչպես նաեւ խթանել աշխարհում մեծ տարածում ունեցող կառավարման համակարգի ստանդարտների կիրառումը կազմակերպություններում:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը առանձնակի կարեւորել է 2002 թվականից իրականացվող նման հեղինակավոր մրցանակաբաշխության անցկացումը Երեւանում. «Նման հեղինակավոր մրցանակաբաշխությունը Երեւանում անցկացնելը արդեն իսկ վկայում է  միջազգային ասպարեզում մեր երկրի ու, մասնավորապես, մեր մայրաքաղաքի ունեցած հեղինակության եւ մրցունակ լինելու մասին: Աշխարհի զարգացած երկրներն ու քաղաքներն իրենց տնտեսությունն ու կառավարման համակարգերը ձգտում են համապատասխանեցնել միջազգային ISO 9001 ստանդարտին, քանի որ այն սահմանում է գործունեության առավել արդյունավետ կազմակերպման մեխանիզմներն ու սկզբունքները: Տեղական ինքնակառավարման մարմնի կառավարման համակարգի համապատասխանեցումը ISO 9001 սերտիֆիկացմանն  իրականում քաղաքն առավել հրապուրիչ է դարձնում ներդրումային առումով: Նման հաջողված օրինակներ կան ինչպես  ամերիկյան, այնպես էլ եվրոպական մայրցամաքներում: Եվ ես համոզված եմ, որ երեւանյան մրցանակաբաշխությունն իր հերթին նույնպես կավելացնի օրինակելի կազմակերպությունների թիվը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

«Գեյբլսմիդ» ընկերության ավագ խորհրդատու Նեիլ Սթյուարթն էլ իր հերթին, ներկայացնելով մրցանակաբաշխության մանրամասները, շնորհակալություն է հայտնել Երեւանի քաղաքապետին հյուրընկալության ու ջերմ վերաբերմունքի համար, նշելով, որ մրցանակաբաշխության՝ Երեւանի քաղաքապետարանի հարկի տակ անցկացումը ընկերության համար մեծ պատիվ է: 

Քաղաքապետարանի հարկի տակ անցկացվող մրցանակաբաշխությանը մասնակցել են 35 երկրներից ներկայացված շուրջ 100 կազմակերպություններ: Մրցանակաբաշխության համար որպես որակավորման պահանջ էր ընտրվել մասնակից կազմակերպությունների գործունեության համապատասխանությունը ISO 9001 ստանդարտի պահանջներին: Ըստ այդմ, «Top Ten Award» մրցանակաբաշխության փորձագետի կողմից Երեւանի քաղաքապետարանում իրականացված ISO 9001 ստանդարտի պահանջների կատարման շուրջ մեկամյա աուդիտի արդյունքում քաղաքապետարանն արժանացել է ամենաբարձր գնահատականին: Սահմանված չորս՝ ոսկե, արծաթե, բրոնզե եւ գնահատման սերտիֆիկատ անվանակարգերից, Երեւանի քաղաքապետարանին  շնորհվել է «Top Ten Award» ոսկե մրցանակ: Միաժամանակ GSA բրիտանական հեղինակավոր կազմակերպության կողմից գնահատման արդյունքներով որոշում է կայացվել Երեւանի քաղաքապետարանին շնորհել կառավարման համակարգի ISO 9001:2008 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության հավաստագիր: Բացի այդ, արդյունավետ կառավարման համար «Top Ten Award»-ի կողմից Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին էլ հանձնվել է գնահատման հատուկ մրցանակ:

Շնորհակալություն հայտնելով գնահատանքի ու մրցանակի համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանը համոզմունք է հայտնել, որ այս մրցանակաբաշխությունը եւս մեկ հրաշալի հարթակ կդառնա գործնական նոր կապերի հաստատման ու կառավարման ոլորտում առաջավոր փորձի փոխանակման համար:

Միջազգային ստանդարտացման ոլորտում բարձր գնահատման համար մրցանակ է ստացել նաեւ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն, Երեւանի ավագանու Հանրապետական կուսակցություն խմբակցության անդամ Ենոք Ազարյանը: