ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հավաքվում է հանրապետության բոլոր կարեւոր օբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն. աշխատանքներ են տարվում նաեւ ջրամբարների ուղղությամբ, եւ կարծում եմ, որ մենք «Հայջրմուղկոյուղի» ընկերության հետ միասին շատ անելիքներ ունենք: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԻՆ-ում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենի հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՆ ղեկավար Արմեն Երիցյանը:
Պատրիկ Լորենը հակիրճ ներկայացրեց ընկերության կողմից տարվող աշխատանքները՝ նշելով. «Մեր ընկերությունը ջրմուղների ղեկավարում է իրականացնում հանրապետության տասը մարզերում։ Ընկերության կազմում ստեղծել ենք հեռակառավարման կենտրոն, որտեղ առցանց ռեժիմով ստանալով համապատասխան տեղեկատվություն` վերահսկում ենք համակարգին արդեն միացված մեր կառույցների` ջրամբարների, պոմպակայանների աշխատանքը։ Նախատեսում ենք տեսախցիկներ տեղադրել մեր բոլոր կառույցներում, ինչը հնարավորություն կտա մշտապես վերահսկել դրանց աշխատանքը։ Բացի այդ, հեռակառավարման կենտրոնում նախատեսում ենք ունենալ մշտապես գործող անձնակազմ, որը, կարծում եմ, կաշխատի ձեր համապատասխան անձնակազմի հետ։
Ընկերության աշխատակիցները ներկայացրեցին ավտոմատացման ուղղությամբ մինչ այսօր իրականացված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում ԱԻՆ մասնագետները «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ ներկայացուցիչների հետ քննարկեցին անհրաժեշտ տեղեկատվությունն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոն տեղափոխելու հնարավոր ձեւերը։
ԱԻ նախարարի առաջարկությամբ երկկողմանի արդյունավետ համագործակցություն կազմակերպելու նպատակով կստեղծվի աշխատանքային խումբ, որտեղ կընդգրկվեն շահագրգիռ ծառայությունների մասնագետներ։
Մոտ ապագայում ԱԻՆ-ը եւ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կստորագրեն երկկողմ համագործակցության վերաբերյալ հուշագիր։




























