Ուկրաինայի հայերի միությունն արդեն համապատասխան հայցն ուղարկել է ՆԳՆ` պարզաբանելու Սերգեյ Նիգոյանի մավան պատճառները: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի հայերի միության նախագահ, պատգամավոր Վիլեն Շատվորյանը` մեկնաբանելով Կիեւում Սերգեյ Նիգոյանի մահվան մասին տեղեկությունները, հաղորդում է Aspekti.net-ը:

«Ելնելով ՆԳՆ հայտարարություններից, որ իրավապահները մարտական զենք չեն ունեցել, մեզ հետաքրքրում են ողբերգության բոլոր մանրամասները: Կոչ եմ անում Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին չենթարկվել սադրանքների ու չմասնակցել ապօրինի գործողություններին: Ուկրաինայի հայերի միությունը հաստատակամորեն կողմ է քաղաքացիների սահմանադրական իրավունքների ու ազատությունների պահպանմանը եւ քննադատում է դրանց հակառակ ցանկացած գործողություններ: Երկրում տեղի ունեցողը տագնապ են առաջացնում Ուկրաինայի բոլոր քաղաքացիների մոտ` անկախ ազգային պատկանելությունից: Այսօր մեր պարտքն է անել մեզանից կախված ամեն բան` հասարակության ներսում կայունությունն ու համաձայնությունը պահպանելու:

Խորհուրդ ենք տալիս սեփական քաղաքական տեսակետներն արտահայտելիս հարգելի տեղի ունեցողի վերաբերյալ այլ մարդկանց կարծիքները»,-հայտարարել է Շատվորյանը: