Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր՝ հունվարի 22-ին, տեղի է ունեցել օրեր առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությունը, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանը ԼՂՀ իշխանությունների եւ ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել Հովհաննիսյանների ընտանիքին` երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ:

ԼՂՀ Նախագահի խոսքով` Արմեն Հովհաննիսյանը եւ նրա մարտական ընկերները ցույց տվեցին հայրենիքին անմնացորդ նվիրվածության եւ ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ի վիճակի են կասեցնել հակառակորդի կողմից ագրեսիայի ցանկացած դրսեւորում:

Բակո Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական եւ ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին: