Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նախատեսում է այցելել Հայասըտան: Այս մասին հունվարի 22-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով որոշ քննադատների արտահայտած այն տեսակետին, թե Իրանի եւ Վրաստանի հետ հարաբերությունները սրվել են:

Նրա խոսքով՝ 2013թ. Հայաստանը շարունակել է զարգացնել սերտ բարիդրացիական հարաբերությունները հարեւանների՝ Իրանի եւ Վրաստանի հետ:

Արտգործնախարարն ընդգծել է, որ Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի առաջին այցը հենց Հայաստան այցն է եղել, որն, ի դեպ, շատ արդյունավետ էր: Բացի այդ, Հայաստանի եւ Վրաստանի հարաբերությունների խորացման ապացույց է խոսնակների հանդիպումը, նախարարների մակարդակով այցերը, միջազգային կազմակերպությունների շրջանակում հանդիպումները:

Նախարարի խոսքով՝ Իրանի հետ եւս հարաբերությունները խորանում են: Մի քանի շաբաթից Թեհրանում նախատեսված է միջկառավարական հանձնաժողովի նիստը: Այսպիսով, հարաբերությունների վատթարացման մասին հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, ամփոփել է արտգործնախարարը: