Կես տարվա հարկադիր ընդմիջումից հետո հունվարի 22-ին Հալեպի միջազգային օդանավակայանը  վերսկսել է աշխատանքը: Այս մասին տեղեկացրել է Հալեպի Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ Հալեպի օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել առաջին օդանավը:

Մի քանի ամիս շարունակ սիրիական բանակը ծանր մարտեր է մղել՝ Հալեպի միջազգային օդանավակայանի շրջակա տարածքը ահաբեկչական խմբավորումներից մաքրելու համար: Սիրիական բանակը Հալեպի միջազգային օդանավակայանի տարածքը հայտարարել է անվտանգ:

Սիրիական պետական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին Հալեպ նահանգի Արբիդ, Քվերիս, Ժդեյդա, Ալ Ամերիա բնակավայրերում, Կենտրոնական բանտի տարածքում, Մայեր բնակավայրից արեւելք, «Աթ Թուրքի» գործարանից հարավ ընկած տարածքներում, Ալ Բեկ ցանքատարածություններում տասնյակ ահաբեկիչներ են վերացվել:

Մի շարք թաղամասերում պայթեցվել են ահաբեկիչների կայանները: