Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչուլիի հետ եւ քննարկել Երեւանի եւ իտալական քաղաքների միջեւ ձեւավորված բարեկամական հարաբերությունները:
Տարոն Մարգարյանը կարեւորել է դրանց ընդլայնման եւ առավել գործնական հիմքերի վրա դնելու հեռանկարները. «Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ Երեւանի առաջին քույր քաղաքը իտալական Կարարա քաղաքն է եղել, որի հետ գործընկերային հարաբերությունները սկիզբ են առել դեռեւս 1967 թվականից: 2011 թվականից նաեւ Վենետիկն է հանդիսանում Երեւանի քույր քաղաք: Ու սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ իտալական քաղաքների հետ ձեւավորված բարեկամական եւ գործընկերային հարաբերությունների զարգացումը հիմնված է մեր երկրների եւ ժողովուրդների դարավոր բարեկամության, ինչպես նաեւ շատ հարցերում երկու ազգերի բնավորության գծերի նմանության վրա: Մենք ակնկալում ենք նաեւ Ձեր եւ Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանի աջակցությունը երկուստեք գործընկերային կապերի էլ ավելի ամրապնդման եւ ընդլայնման հարցում»,- նշել է Տարոն Մարգարյանը։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ–ում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպանն իր հերթին, կարեւորելով Երեւանի քաղաքապետի համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը, վստահեցրել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կաջակցի Երեւանի եւ իտալական քաղաքների միջեւ առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու հարցում. «Իտալիայում մենք ունենք կայացած համայնքներ, եւ ես վստահ եմ, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման համար իսկապես մեծ ներուժ կա: Երեւանը շատ հյուրընկալ ու գրավիչ քաղաք է, եւ ինչպես մեր երկու ժողովուրդները, այնպես էլ քաղաքները, ընդհանուր շատ նմանություններ ունեն: Վստահեցնում եմ Ձեզ, պարոն քաղաքապետ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը, որ էլ ավելի ընդլայնվի երկու երկրների քաղաքների համագործակցության շրջանակը, այդ թվում նաեւ Իտալիայի մայրաքաղաք Հռոմի հետ»,- նշել է Ջովաննի Ռիչուլին:
Հյուրին ներկայացնելով քաղաքի կառավարման հարցում իր մոտեցումները՝ Երեւանի քաղաքապետն առանձնակի կարեւորել է նաեւ գործընկեր քաղաքների հետ ներդրումային ծրագրերի իրականացումը: «Երեւանի քաղաքապետարանը բաց եւ պատրաստակամ է քննարկելու եւ իր լիազորությունների շրջանակում օժանդակելու Երեւանում ներդրումային ծրագրերի իրականացմանը: Մենք կարեւորում ենք հատկապես պետություն-մասնավոր հատված համագործակցությունը, որն, ըստ էության, կարող է լուրջ ազդեցություն ունենալ մայրաքաղաքի տնտեսության զարգացման եւ ենթակառուցվածքների արդիականացման հարցում», - ընդգծել է Տարոն Մարգարյանը` ի մասնավորի նշելով իտալական «Ռենկո» ընկերության հետ արդեն երկար տարիներ ունեցած արդյունավետ համագործակցությունը:
Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաեւ զբոսաշրջության զարգացմանն առնչվող հարցերի շուրջ եւ պայմանավորվել են առավել գործնական հիմքերի վրա դնել երկուստեք գործակցությունը:




























