Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը համաձայն չէ, որ օտարերկրյա այցերի վրա ծախսվող գումարները ոչ նպատակային են: Իր կարծիքը նախարարը հայտնել է հունվարի 22-ին կայացած ասուլիսում:

Նրա խոսքով, վերջին տարիներին Հայաստան են այցելել տասնյակ երկրների եւ կառավարությունների ղեկավարներ, Հայաստանի նախագահը մոտ 100 օտարերկրյա այցեր է կատարել, կնքվել են մոտ 500 միջազգային պայմանագրեր, հիմնվել է 15 դեսպանատուն:

«Նախքան քննադատելը պետք է ուսումնասիրել իրավիճակը: Մի կողմից, քննադատողներն ասում են, որ Հայաստանը մեկուսացման մեջ է, մյուս կողմից՝ որ պետք չէ գնալ եւ գումարներ ծախսել: Մի բան հստակ է՝ դիվանագիտությունն արվում է հանդիպումների եւ պայմանավորվածությունների արդյունքում: Պետք չէ աշխարհին նայել ասեղի անցքից: Քննադատությանն ուշադիր եմ, բայց նման քննադատությունը հակասական է եւ հեռու տրամաբանությունից»,- ասել է Նալբանդյանը: