Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստը, որտեղ քննարկվում էր Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին հաղորդում ներկայացնելու հարցը, անցավ բուռն մթնոլորտում, այն վերաճեց գործադիրի եւ օրենսդիրի ներկայացուցիչների միջեւ բախման:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հատուկ որեւէ լարված իրավիճակ չի եղել, ակտիվ քննարկում էր, որը վերջում վերածվեց որոշակի լարված քննարկման: «Կառավարության դիրքորոշումը Գլխավոր դատախազի՝ ԱԺ-ին հաղորդում ներկայացնելու մասին բացասական էր, հանձնաժողովի անդամները դա չէին կիսում: Արդյունքում քվեարկությամբ նախագիծը ընդգրկվել է ոչ միայն նստաշրջանի, այլեւ քառօրյա նիստերի օրակարգ, հետագան ցույց կտա ճակատագիրը»,- նշեց պատգամավորը:
Սակայն, ԱԺ մեր աղբյուրները ավելին պատմեցին հանձնժողովի նիստի ընթացքի մասին: Այսպես, նրանց փոխանցմամբ, Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանը շատ բուռն է արձագանքել հանձնաժողովի անդամների ելույթներին դատախազի՝ ԱԺ-ին հաղորդում ներկայացնելու մասին, գործադիրի ներկայացուցիչը բացասական է արտահայտվել՝ նշելով, որ հակասահմանադրական է, երբ դատախազությունը՝ որպես դատական իշխանության մարմին, հաշվետվություն ներկայացնի ԱԺ: Այս դիրքորոշման հետ, սակայն, համաձայն չէր հանձնաժողովի անդամներից ոչ մեկը: Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մուրադյանի նյարդերը տեղի տվեցին եւ նա հայտարարեց, թե «ինձ ստեղ դասեր մի տվեք, պետք լինի ես սահմանադրական իրավունքի լեկցիաներ կկարդամ»: Այս արտահայտությունը վրդովվեցրեց ՀՀԿ-ական պատգամավորներ Դավիթ Հարությունյանին եւ Կարեն Ճշմարիտյանին, ովքեր կոռեկտության կոչ արեցին փոխնախարարին:




























