Հայ ներկրողները Ռուսաստանից առանց մաքսերի ավիաբենզինի համար դեռ չեն դիմել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության տնօրեն Արտյոմ Մովսեսյանը: 

«Հավանաբար, դեռ հարմար մատակարարի չեն գտել: Քանի որ օդանավակայանը վառելիքով ապահովելու խնդիրը կոնցեսիոների խնդիրն է, ապա այդ հարցերի կարգավորումը թողել ենք իրենց»,- նշել է Մովսեսյանը: Հիշեցնենք, որ Հայաստանում գործող «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավականները կառավարում է «Միջազգային օդակայաններ. Արմենիա» ՓԲԸ-ն (սեփականատերը արգենտինացի միլիարդատեր Էդուարդո Էրնեքյանն է): Դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի հետ կնքված միջպետական համաձայնությունների շրջանակներում Հայաստանն իրավունք ունի Ռուսաստանի նավթամթերք գնել առանց արտահանման մաքսերի:

Պատասխանելով այն հարցին, թե ինչու ավիացիոն շուկայի լիբերականացումից հետո «Զվարթնոցի» համար վառելիք շարունակում է մեկ ընկերություն մատակարարել, Մովսեսյանը նշում է, որ մենաշնորհը որեւէ տեղ պաշտոնապես ամրագրված չէ: «Սկզբունքայնորեն օդանավակային կոնցեսիոները կարող է աշխատել ցանկացած ընկերության հետ: Որքան հիշում եմ, ոչ վաղ անցյալում շուկա էր փորձում մուտք գործել եւս մեկ ներկրոց, սակայն հավանաբար գները համապատասխան չեն եղել»,- ասել է Մովսեսյանը:

Նշենք, որ այս պահին Հայաստանում ավիաբենզին ներկրում է «Միկա» կորպորացիան, որը պատկանում է գործարար Միխայիլ Բաղդասարովին: