ՀԱՀ-ի կառավարությունը պահանջել է, որ ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելայի հիշատակին կառուցված 9 մետրանոց հուշարձանի ականջից քանդակագործները անհապաղ հեռացնեն փորագրված բրոնզե նապաստակը:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, քանդակագործները հուշարձանի աջ ականջի մեջ գաղտնի նապաստակ են փորագրել, քանի որ այդ կենդանին համարվում է նրանց ապրանքանիշի ստորագրությունը:
«Մենք ցանկանում ենք հնարավորին արագ վերականգնել հուշարձանի ամբողջականությունը», - ասել է Արվեստի և մշակույթի նախարարության խոսնակ Մոգոմոցի Մոգոդիրին:
ՀԱՀ-ի կառավարությունը հայտարարել է, որ անտեղյակ է եղել նապաստակի գոյության մասին, մինչև տեղական թերթերը նրանց ուշադրությունը չեն հրավիրել այդ հանգամանքի վրա:
Քանդակագործները ներողություն են խնդրել, որ առանց թույլտվության նման բան են արել և նշել են, որ նապաստակը ավելացրել են այն ժամանակ, երբ մշակույթի նախարությունը թույլ չի տվել նրանց արձանի տաբատի վրա իրենց ստորագրությունները փորագրել:
«Մենք ընդունում ենք ձեր ներողությունը»,- ասել է Մոգոդիրին, հավելելով, որ պարզ չէ, թե որքան ժամանակ կպահանջվի արձանի ականջից նապաստակը հեռացնելու համար:
Հիշեցնենք, որ ՀԱՀ առաջին սեւամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հիշատակին նվիրված հուշարձանը կանգնեցվել էր Պրետորիայում դեկտեմբերի 16-ին` նրա հուղարկավորությունից մեկ օր անց:





























