Աթենքում ահաբեկչական սպառնալիքների պատճառով անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Մինչ այս նման գործողությունների դիմել էին  միայն 2004 Օլիմպիական խաղերի ժամանակ:

Ոստիկանությունը խստացված հսկողություն է իրականացնում այն հաստատություններում, հյուրանոցներում, ավտոմայրուղիներում, որոնք ԵՄ-ում Հունաստանի նախագահության ընթացքում գործածական են:

Բանտից փախած «Նոյեմբերի 17» ահաբեկչական խմբավորման անդամ Խրիստոդուլոս Քսիրոսը նոր ահաբեկչությունների սպառնալիքով տեսագրություն է հրապարակել՝ հիշատակելով հնարավոր թիրախներին՝ քաղաքական գործիչներ, լրագրողներ, գործարարներ:  Փորձագետները հնարավոր 250 «թիրախ» են հաշվարկել: Ոստիկանությունն ուժեղացրել է  320 օբյեկտների հսկողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Տեղի մամուլի տվյալով՝ Զապիոն պալատի ամբողջ շառավղով, որտեղ անցկացվում են Հունաստանի նախագահության շրջանակում նախատեսված միջոցառումները եւ գտնվում են եվրոպացի պաշտոնյաները, հերթապահում են զինված ոստիկաններն ու գաղտնի գործակալները: Քայլեր են ձեռնարկվել նաեւ ԵՄ երկրների ՆԳ նախարարների այսօրվա ոչ պաշտոնական խորհրդակցության մասնակից  30 պաշտոնյաների պաշտպանության ուղղությամբ:

Առանձնակի վտանգավոր հանցագործներին բռնելու համար իրավապահներին 4 մլն եվրո պարգեւ են խոստանում: Հակաահաբեկչական միջոցառումների շրջանակում երկու մարդ ձերբակալվել է Աթենքում, մեկը՝ Սալոնիկում:

Ահաբեկչական վերոհիշյալ խմբավորման անվանումը կապված է 1973թ. նոյեմբերի 17-ի դեպքերի հետ, երբ Հունաստանում ուսանողների ապստամբություն էր սկսվել: Այն ճնշելու համար իշխանությունները տանկեր էին ուղարկել ուսանողական թաղամասեր: