Հայաստանում 2013-ի ընթացքում նվազել է մահվան ելքով վթարների թիվը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը՝ հունվարի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Որպես իր խոսքերի ապացույց նա ներկայացրել է հինգ տարվա վիճակագրական տվյալներ:

Ըստ նրա՝ վթարների տեսանկյունից ամենավատ տարին 2008-ն էր՝ 2202 դեպք, 407 զոհ, 3125 վիրավոր:  2009-ին կառավարությունը հինգ տարվա ընթացքում զոհերի թիվը տաս տոկոսով կրճատելու ռազմավարություն ու գործողությունների ծրագիր մշակելու հանձնարարական էր տվել ոստիկանությանը:

«Ցանկանում եմ հպարտությամբ հաղորդել, որ մեր առաջ դրված խնդիրը կատարվել ու գերակատարվել է՝ զոհերի թիվը կարողացել ենք կրճատել ոչ թե 10, այլ՝ 23 տոկոսով»,-ընդգծել է Սարգսյանը: