Թուրքիայում Էրդողան-Գյուլեն ճակատամարտից հետո կողմերը վերադասավորում են ուժերը եւ նախապատրաստվում առաջիկա ընտրություններին։ Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետի խոսքով՝ Թուրքիայում 2013-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցած «Մեծ կաշառք» գործողություններից խիստ տուժել է թե Էրդողանը, թե Ֆեթհուլլահ Գյուլենի կրոնական համայնքը։ «Երկարատեւ հակասությունները դեկտեմբերի 17-ին վերաճեցին ճակատամարտի։ Այս պահին երկու կողմերը վերադասավորում են իրենց ուժերը, գնահատում ստեղծված իրավիճակը եւ նախապատրաստվում առաջիկա ընտրություններին»,-նշեց Իսպիրյանը։
Անդրադառնալով Գյուլեն-Էրդողան հակասությունների պատճառին, թուրքագետը նշեց, որ այն իշխանության համար պայքար է՝ շեշտելով, թե այդ պայքարն ունի 5 եւ ավել տարվա պատմություն, որը սրվեց նախորդ տարի։ «Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հետ դաշինքի մեջ մտած եւ միասին շարժվող Գյուլենի թեւը բացի կրոնա-հասարակական ոլորտներից Էրդողանից պահանջել էր նաեւ իշխանություն, ինչին կտրուկ դեմ էր դուրս եկել Էրդողանը։ Սրանից հետո Գյուլենականները կտրուկ քայլ արեցին՝ հետաքննություն սկսելով Էրդողանի վստահելի մարդը համարվող Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետի դեմ՝ PKK-ի հետ գաղտնի բանակցությունների համար»,-նշեց Իսպիրյանը՝ հավելելով, որ Էրդողանը եւս շատ ծանր հարվածով պատասխանեց Գյուլենի համայնքին՝ պակելով «դերսհանե» կոչվող կրթարանները, որոնք Գյուլենի համայնքի համար մարդկային ռեսուրսներ էին ապահովում։
Իսպիրյանը շեշտեց, թե Գյուլենականների կողմից հարվածները շատ ծանր դրության մեջ են դրել իշխող կուսակցությանը, քանի որ իր քաղաքական կարիերայում Էրդողանը երբեք այսքան թույլ եւ ճնշված չէր գնացել ընտրությունների։




























