Մի խումբ ադրբեջանցիներ երեկ` հունվարի 22-ին, փորձել են խոչընդոտել Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցող «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարի բնականոն աշխատանքը:

Ծրագրավորված սադրանքն ուղեկցվել է ռասիստական կոչերով:

Դեպքի իրազեկմամբ անվտանգության աշխատակիցների կողմից անմիջապես քայլեր են ձեռնարկվել անկարգ խմբավորման կարգի բերման ուղղությամբ, եւ ոստիկանների կողմից սադրանքի մասնակիցները դուրս են բերվել ցուցահանդեսի տարածքից:

Հայաստանի եւ Արցախի միասնական տաղավարը ներկայումս շարունակում է իր մասնակցությունը միջազգային ցուցահանդեսին: Տաղավարը հագեցած է Հայաստանի ու Արցախի մասին պատմող գովազդային նյութերով եւ քարտեզներով եւ ինչպես միշտ մեծ ուշադրության է արժանանում այցելուների կողմից:

Հայաստանի ազգային մրցունակությունը շարունակելու է միջազգային բոլոր հնարավոր հարթակներում հայկական աշխարհի զբոսաշրջային արդյունքների խթանման եւ միջազգային ճանաչելիության բարձրացմանն ուղղված իր գործունեությունը:

Նշենք, որ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի հունվարի 22-26-ին տեղական զբոսաշրջային 5 ընկերությունների հետ համատեղ Հայաստանը ներկայացնում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունենալիք «Fitur» միջազգային զբոսաշրջային տարեկան ցուցահանդեսին: Միեւնույն տաղավարի ներքո ներկայացված է նաեւ Արցախի Հանրապետությունը:

Այս տարի նախատեսվում էր 167 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային ընկերությունների, ավելի քան 110 հազար առեւտրային գործակալների եւ 92 հազար այցելուների մասնակցություն ցուցահանդեսին: