Թուրքիայում առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի գլխավորած կուսակցությունը կանգնած է Ստամբուլը եւ Անկարան կորցնելու վտանգի առաջ, քանի որ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետականը» ուժեղ թեկնածուներ է առաջադրել։ Նման տեսակետ, այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը։
Թուրքագետը նշեց, որ նախորդ տարի տեղի ունեցած Գեզի այգու իրադարձությունները, «Մեծ կաշառք» սկանդալային գործողությունները եւ Էրդողան-Գյուլեն հակասությունները լրջորեն հարվածել են Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության վարկանիշին, ինչն անդրադառնալու է առաջիկա մարտի 30-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վրա։
«Եթե վերջին խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած կուսակցությունը հավաքել էր 50 տոկոս ձայներ, ապա վերջին սկանդալային իրադարձություններից հետո այդ տոկոսը կարող է իջնել մինչեւ 40»,-ասաց Իսպիրյանը՝ հավելելով, որ Էրդողանի համար առաջիկա ՏԻՄ ընտրությունները կարեւոր նշանակություն ունեն, քանի որ դրան հունիսին հետեւելու են նախագահական ընտրությունները։
Թուրքագետի խոսքով՝ Էրդողանի գլխավորած կուսակցության համար լրջորեն վտանգ են ներկայացնում ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության Ստամբուլի եւ Անկարայի թեկնածուները։ «Ստամբուլում «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածուն է ներկայում Շիշլիի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Մուսթաֆա Սարըգյուլը, ով միակ թուրք քաղաքապետն է, որ Հայոց պատրիարքարանի կողմից հատուկ մեդալ է ստացել։
Մուսթաֆա Սարըգյուլը լավ հարաբերություններ ունի հայ համայնքի հետ եւ հայտնի է մի շարք հայկական եկեղեցիների վերանորոգմամբ։ Անկարայում ընդդիմությունը եւս ուժեղ թեկնածու է առաջադրել։ Այսինքն, ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ ընդդիմադիր ուժեղ թեկնածուները կարող են իշխող կուսակցությունից վերցնել Ստամբուլը եւ Անկարան»-ասաց թուրքագետը։
Անդրադառնալով Հայաստանի հետ սահմանակից քաղաքներին, Իսպիրյանը շեշտեց, թե այստեղ եւս Էրդողանի համար բարենպաստ արդյունքներ չեն լինի։ «Իշխող կուսակցության կողմից Կարսում կրկին քաղաքապետի թեկնածու է առաջադրվել գործող քաղաքապետը, ով վերջերս հեռուստատեսային ելույթի ժամանակ հայերի հանդեպ թշնամանք սերմանող հայտարարություններ արեց՝ բացառելով Հայաստանի հետ սահմանի բացումը։ Այս փաստը լավ չի ընդունվել Կարսի բնակչության կողմից, ովքեր իրենց բարեկեցությունը տեսնում են Հայաստանի հետ սահմանի բացմամբ։ Կարսում կրկին ֆավորիտ է համարվում նախկին քաղաքապետերից Նաիֆ Ալիեբեյօղլուն, ով առաջադրվել է «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կողմից»,-նշեց թուրքագետը՝ հավելելով, թե նույն վիճակն է նաեւ արեւելյան մյուս քաղաքներում՝ Իգդիրում, Վանում եւ Դիրաբեքիրում։




























