Հայաստանի փաստաբանների պալատի պատվիրակությունը պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ հունվարի 23-ին, հանդիպել է Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հետ. Զոհրաբյանն առաջարկել է օժանդակել մարզում աշխատող փաստաբաններին աշխատասենյակով ապահովելու հարցում:
Պատվիրակության կազմում են եղել ՓՊ նախագահի տեղակալ Մելանյա Առուստամյանը, ՓՊ խորհրդի անդամ Գեւորգ Գյոզալյանը, ՓՊ նախագահի խորհրդական Իրինա Փիլոյանը եւ մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը։
Հանդիպման ընթացքում ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մարզպետին տեղեկացրել է, որ Արարատի մարզում գործում է ընդհանուր 19 փաստաբան, այդ թվում՝ Արտաշատ քաղաքում 9 փաստաբան, Արարատ քաղաքում 3 փաստաբան, Վեդի քաղաքում 4 փաստաբան եւ Մասիս քաղաքում 3 փաստաբան։ Արտաշատ քաղաքում 4 փաստաբան, իսկ Մասիսում՝ 2 փաստաբան աշխատասենյակ չունեն։ ՓՊ նախագահն առաջարկել է օժանդակել նշված փաստաբաններին աշխատասենյակով, ինչի դիմաց փաստաբանները ամսական առնվազն մեկ օր անվճար իրավաբանական խորհրդատվությամբ կապահովեն համայնքի բնակիչներին։
Մարզպետ Արամայիս Գրիգորյանը՝ ողջունելով փաստաբանների այդ առաջարկը, պատրաստակամություն է հայտնել տրամադրել տարածք եւ հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին հնարավորինս սեղմ ժամկետներում համապատասխան լուծում գտնել:
Փաստաբանների պալատի նախագահը շնորհակալություն է հայտնել մարզպետին ընդունելության համար եւ տեղեկացրել, որ տարածքի տրամադրման դեպքում Պալատը անհրաժեշտ համակարգչային տեխնիկա կտրամադրի այդ տարածքում գործունեության իրականացնող փաստաբաններին:
Արա Զոհրաբյանը մարզպետին հայտնել է, որ ապագայում ՀՀ փաստաբանների պալատը նախատեսում է նաեւ հեռավար ուսուցում կազմակերպել մարզերի փաստաբանների հետ: Այդ տարածքը կհեշտացնի ծրագիրը իրականացնելու համար:
Մարզպետը եւ Փաստաբանների պալատի նախագահը քննարկել են նաեւ ավագ դպրոցներում սեմինարներ կազմակերպելու հարցը՝ փաստաբանի մասնագիտության նկատմամբ վստահությունը բարձրացնելու ուղղությամբ։




























