Հայ-ադրբեջանական սահմանին գիշերը հնչած կրակոցների հետեւանքով վիրավորված Լիանա Անիկյանը այժմ գտնվում է Բերդի զինվորական հոսպիտալում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի պետ Էդիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ աղջկա վիճակը կայուն է, միջին ծանրության, գիտակցությունը տեղն է, խոսում է, ամեն ինչ նորմալ է: «Ինքը մանրամասն չի պատմել, թե ինչպես է եղել, տանը նստած էր, երբ դեպքը տեղի է ունեցել, վնասվել են զույգ ոտքերի ստորին վերջույթները, բայց դա, բարեբախտաբար, հետագայում որեւէ կերպ չի անդրադառնա նրա առողջության վրա»,-ասաց հոսպիտալի պետը:  Էդիկ Գրիգորյանը նշեց նաեւ, որ Լիանա Անիկյանը 10-15 օրից դուրս կգրվի հիվանդանոցից:

Ի դեպ, նա տեղեկացրեց, որ վիրավորված աղջիկը ազատամարտիկ Դավիթ Անիկյանի դուստրն է, ով այժմ եւս գտնվում է պայմանագրային ծառայության մեջ: