Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 9-17-ին այցելել է կորեական հիվանդանոց, որտեղ երիտասարդացման բուժման կուրս է անցել:

Ինչպես հաղորդում է english.chosun.com-ը, հիվանդանոց այցելությունների ընթացքում Սերժ Սարգսյանին ուղեկցել է ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ու ռուսաստանցի հայ գործարար Արա Աբրահամյանը: Վերջինս արդեն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին այցելել էր այդ հիվանդանոց՝ նախորդ տարի Կորեա կայացած այցի ժամանակ:

Պատվիրակության ներկայացուցիչները մեկ շաբաթ շարունակ ամեն օր այցելել են հիվանդանոց եւ բուժման կուրս անցել, այդ թվում ցողունային բջիջների, ծերացման դեմ, մերսումների եւ քաշի վերահսկման:

Հիվանդանոցի անձնակազմի խոսքով՝ Սարգսյանին ուղեկցել է ազգային անվտանգության ծառայությունը: Խումբը բուժման համար վճարել է 200 մլն կորեական վոն (մոտ 186 հազար դոլար):

Հոդվածում նշվում է, որ կորեական հիվանդանոցներ նախկինում եւս այցելել են գործարարներ Չինաստանից եւ Կանադայից, Ղազախստանի վարչապետը եւ Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի թագավորական ընտանիքի անդամներ: