Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հունվարի 24-ին, հետաձգվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդու եւ թիկնապահի գործով դատական նիստը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:
Նա նշեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ դատավորը մեկ այլ գործով գտնվում է խորհրդակցական սենյակում, դատախազը եւ քննիչը չէին ներկայացել նիստին: Հաջորդ դատական նիստը նշանակվել է հունվարի 31-ին, ժամը 17.00-ին:
Նշենք, որ Բուդաղյանների փաստաբանը դիմել էր Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարան՝ բողոքարկելով քննիչի երեք որոշումները: Նրանք բողոքարկել են քննիչի երկու որոշումները, որոնք վերաբերում էին Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի եւ թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելուն: Երրորդ որոշումը, որը նրանք բողոքարկել են, վերաբերում էր մահացած Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելուն:




























