Թուրքիայի վարչապետի որդու՝ Բիլալ Էրդողանի փաստաբանը Ահմեդ Օզելը հայտարարել է, թե իր պաշտպանյալը պատրաստ է դատարան ներկայանալ եւ ցուցմունք տալ։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետի որդու փաստաբանը հայտարարել է, թե Բիլալ Էրդողանին ցուցմունք տալու համար դատարան չեն կանչել, իսկ եթե կանչեն, նա պատրաստ է գնալ դատարան եւ ցուցմունք տալ։

Փաստաբանը պնդել է, թե նա ուսումնասիրել է 2013-ի դեկտեմբերի 25-ի դատախազության հրահանգը, որտեղ ըստ պնդումների եղել է Էրդողանի որդուն ցուցմունք տալու կանչելու մասին որոշում, եւ որեւէ նման բան չի հայտնաբերել։ Նա շեշտել է, թե իրականությանը չեն համապատասխանում այն լուրերը թե դատարանը ձերբակալման որոշում էր կայացրել իր պաշտպանյալի նկատմամբ։

Նշենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մեծ կաշառք»-ի 2-րդ փուլում Թուրքիայի վարչապետի որդու նկատմամբ եղել է ձերբակալման որոշում, սակայն դատախազներին աշխատանքից հեռացնելուց հետո նոր դատախազները չեղյալ են համարել այդ որոշումը։