Ադրբեջանի ԶՈւ կողմից դիվերսիաները կարելի է կապել հունվարի 24-ին կայանալիք երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպման հետ: Այս մասին 24-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փորձագետ Սարգիս Ասատրյանը:

Նա փաստել է, որ ցանկացած կարեւոր իրադարձությունից առաջ, լինի դա ԱԳ նախարարների կամ նախագահների հանդիպում, Ադրբեջանի ԶՈւ-ը նախաձեռնում են դիվերսիոն գործողություններ: Դրանով Ադրբեջանը փորձում է բանակցություններից առաջ ճնշում գործադրել Հայաստանի վրա: Ասատրյանի խոսքով՝ այժմ ԼՂՀ հետ շփման գծում լարված իրավիճակ է եւ մինչեւ ԱԳ նախարարների հանդիպումը կարելի է ակնկալել Ադրբեջանի կողմից դիվերսիաների կրկնություն:

Խոսելով Ադրբեջանի նման գործողություններին միջազգային հանրության գնահատականների մասին՝ փորձագետն ընդգծել է. «Մենք կոնկրետ գնահատականներ չենք տեսնում: Կարեւոր բանակցություններից առաջ Ադրբեջանը դիվերսիա է իրականացվում, սակայն միջազգային հանրությունը կոնկրետ գնահատականներ չի տալիս»: Նա նաեւ հավելել է, որ հսկայական ռազմական բյուջեի պատրվակով Ալիեւն ու բազմաթիվ բարձրաստիճան ռազմական պաշտոնյաներ զբաղվում են փողերի լվացմամբ: