Վատիկանում՝ ֆրանսիական հիմնադրամի շենքի մոտ, հունվարի 23—լույս 24-ի գիշերը՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցից ժամեր առաջ, ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել:
Պայթյունից վնասվել է հինգ մեքենա, որոնք կայանած էին եղել դեպքի վայրից քիչ հեռու: Տեղի լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հայտնում:
Իտալացի քննիչները դիտարկում են կատարվածի տարբեր վարկածներ, այդ թվում նաեւ այն, որ պայթյունը ցուցադրական գործողություն էր` ուղղված Ֆրանսիայի նախագահի այցի դեմ, հայտնում է «Ինտերֆաքսը»` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:
Նշենք, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է հանդիպել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ` իր սոցիալիստական կառավարության եւ ֆրանսիացի նախագահի բազմաթիվ նախաձեռնությունները բազմիցս քննադատած կաթոլիկ եկեղեցու միջեւ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Առաջին հերթին խոսքը գեյ ամուսնությունների օրինականացման եւ աբորտների ընթացակարգը հեշտացնելու մասին է:




























