Ոստիկանության Հրազդանի բաժնում, հունվարի 23-ին, ժամը 21:45-ին, հաղորդում է ստացվել, որ ոմն Գեւորգ դանակով երկու անգամ հարվածել է 53-ամյա Ռուբիկ Պ.-ի ոտքին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին Ռուբիկ Պ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, իրենց բնակարանի շքամուտքում իր հետ վիճաբանել են Կենտրոն թաղամասի բնակիչներ ոմն Էդո եւ նրա որդի Գեւորգը, որի ընթացքում Գեւորգը դանակով երկու անգամ հարվածել է իր ձախ ազդրին` պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Էդոն 41-ամյա Էդուարդ Օ.-ն է, իսկ Գեւորգը 21-ամյա Գեւորգ Օ.-ն:

Ռուբիկ Պ.-ն հիվանդանոցում ստացել է բուժօգնություն եւ գնացել:

Նույն օրը, ժամը 23.30-ին, Էդուարդ Օ.-ն բերման է ենթարկվել բաժին:

Տարված բացատրական աշխատանքների շնորհիվ Գեւորգ Օ.-ն ներկայացել է բաժին:

Կատարվում է հետաքննություն: