«Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարին» նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանը կոչ է անում օրենքի դեմ պայքարողներին մի կողմ դնել անձնական եւ սեփական նկրտումներն ու միասնական ուժերով պայքարել նոր օրենքի դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայկ Ավետիսյանը` նշելով, որ ցանկանում են պառակտել իրենց պայքարը:

Ֆեյսբուքյան խմբում Հայկը տարածել է հայտարարություն.

«Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, կարիք ունենք միասնական եւ համախմբված ՊԱՅՔԱՐԻ:

Կարծում եմ, որ մեզ՝ որպես ՀՀ բնակիչներ, ՀԱՅ ազգի ներկայացուցիչներ, չեն հետաքրքրում ուրիշ բաներ, քան այն, որ Հայաստանում մարդիկ ապրեն եւ իրենց զգան որպես արժանապատիվ մարդիկ։ Բոլոր քաղաքական, հասարակական եւ այլ կազմակերպությունները, որոնք այդ նպատակը ունեն չեն կարող արդյունքի հասնել առանց միասնական ու համատեղ աշխատանքի, քանի որ բոլոր երկրներում դա է եղել հզորացման եւ ուժեղացման սկիզբը։ Հիշենք, որ դարեր ի վեր ՀԵՆՑ միասնության պակասի պատճառով մենք չենք կարողացել լուրջ արդյունքի հասնել։

Եւ թշնամու ՄԻԱԿ նպատակը՝ ամեն կերպ ցանկացած շարժում եւ պայքար պառակտելն է, քանզի դրանից հետո այլեւս ուժ չի մնում։ Ցավոք համարյա միշտ դա հաջողվել է անել եւ նույնն էլ հիմա են ուզում անել։

Եւս մեկ անգամ հիշենք մեր հանճարեղ բանաստեղծ, քաղաքական գործիչ Ե․ Չարենցի խոսքը․

«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:

Կոչ ենք անում՝ Եկեք մի կողմ դնենք ցանկացած ԱՆՁՆԱԿԱՆ եւ ՍԵՓԱԿԱՆ նկրտում ու ՄԻԱՍՆԱԿԱՆ ուժերով պայքարենք։ Խոսքն ուղված է ԲՈԼՈՐ ՀՀ քաղաքացիներին, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններին։ Թշնամու ամենալուրջ խնդիրը պառակտում մտցնելն է։

Այս "ՊԱՐՏԱԴԻՐԻ" դեմ տարած հաղթանակը նշանակելու է նոր հաղթանակների սկիզբ։ Ընդ որում արդեն իսկ ակնհայտ փաստեր կան թե ինչ խայտառակ հետեւանքների է բերելու դա ՀՀ տնտեսությանը։

Ներեցեք, որ միայն իմ անունից չեմ գրել այլ «մենք»-ի անունից եմ գրել, կարծում եմ շատերդ եք համաձայն գրվածի հետ»:

Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս են եկել ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։