Այն, որ կենսաթոշակային ֆոնդեր քիչ քանակությամբ մարդիկ են ընտրել, լիովին նորմալ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի ֆինանսավորման զարգացման ու կայունության վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը: Ըստ նրա՝ կենսաթոշակային ֆոնդեր առայժմ ընտրել է քառասուն տարեկանից ցար գործունակ 250 հազար քաղաքացիներից միայն 10 հազարը:
Նա հավելել է, որ Համաշխարհային բանկի վերլուծությունները ցույց են տվել, որ այնպիսի տնտեսության համար, ինչպիսին է հայկականը, տաս հազարանոց ցուցանիշը ոչ թե լավն է, այլ հոյակապ: «Նախ՝ Հայաստանի քաղաքացիներն առայժմ սեփական ֆինանսները վերահսկելու քիչ փորձ ունեն, երկրորդ՝ նրանք առայժմ քիչ բան գիտեն կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների մասին»,-պարզաբանել է Գրիգորյանը: Նա նաեւ հավելել է, որ հաճախորդներն իրենք պետք է ընտրեն, թե որ ֆոնդին են վստահելու իրենց միջոցները:
Նա նշել է, որ մարդիկ իրենց ընտրությունը կկարողանան կատարել մինչեւ մարտի սկիզբ:
Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցվել է երկու մասնավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ «C-Quadrat Ampega Asset Management Armenia» եւ «Amundi ACBA Asset Management»:




























