Սահմանադրական դատարանը կասեցրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՍԴ-ից:
Նրանց փոխանցմամբ՝ ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչեւ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդ-վածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ, (այդ թվում` պատճառաբանական մասին) կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»:
Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար պատասխանատվությանը։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչեւ 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով եւ 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:
Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երեւանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն եւ լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարանում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական դատարանին: Վիճահարույց օրենքի դեմ պայքարին միացել են բազմաթիվ հայտնի մարդիկ՝ շոու բիզնեսի ներկայացուցիչներ, արվեստագետներ եւ այլն:




























