Կենսաթոշակային բարեփոխման վերաբերյալ Սահմանադրական դատարանի բացասական որոշումը կարող է նվազեցնել Հայաստանի ներդրումային գրավչությունը: Այդ մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի ֆինանսական կարգավորման բաժնի պետ Մհեր Աբրահամյանը՝ մեկնաբանելով բարեփոխման նկատմամբ քաղաքացիների դժգոհությունը:

Ըստ պաշտոնյայի, ֆինանսական կայունության առումով ճիշտ կլինի, որ բարեփոխումը շարունակի գործել: «Եթե ինչ-ինչ պատճառներով բարեփոխումը չշարունակվի, հետեւանքները կարող են տարբեր լինել: Ես կարող եմ ներկայացնել ԿԲ տեսլականը. Դա կարող է ազդել միջազգային շուկայում մեր երկրի նկատմամբ վստահության վրա: Մենք բանակցություններ ենք վարել հեղինակավոր ֆինանսական ընկերությունների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել մուտք գործել Հայաստան: Եթե այժմ հայտարարենք, թե նրանց գալը մեզ պետք չէ, մեր նկատմամբ վերաբերմունքը կփոխվի ոչ դեպի լավը»,- ասել է Աբրահամյանը: