Չորս պետական կառավարման մարմնի՝ 2013 թ. գործունեության արդյունքների ամփոփմամբ կառավարությունում այսօր եզրափակվել է 2013 թ. երկրորդ կիսամյակի գնահատված կատարողականի եւ ՀՀ կառավարության 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը:

ՀՀ կրթության եւ գիտության, ՀՀ մշակույթի նախարարները, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը եւ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահը վարչապետին զեկուցել են հաշվետու տարում գերակա խնդիրների կատարման ուղղությամբ իրականացված միջոցառումների եւ աշխատանքների մասին, պարզաբանումներ ներկայացրել տրված հանձնարարականների ուշացումով կատարման կամ չկատարման պատճառների առնչությամբ, անդրադարձել աշխատակազմերի ստորաբաժանումների աշխատանքի գնահատականներին:

Կառավարության ղեկավարը ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների ուշադրությունը հրավիրել է արձանագրված թերացումների վրա եւ համապատասխան հանձնարարականներ տվել դրանց վերացման ուղղությամբ:

Վերոհիշյալ պետական կառավարման մարմինների 2013 թ. գործունեության միջոցառումների ծրագրի եւ գերակա խնդիրների իրականացման արդյունքների հաշվետվությունների սեղմագրերին հնարավոր է ծանոթանալ վերջիններիս պաշտոնական կայքերում: