Հեռահաղորդակցության ոլորտում Իտալիայի հետ համագործակցության եզրեր գտնելու փորձեր են եղել, սակայն տարբեր պատճառներով չեն կայացել: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, նշել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը՝ Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Ջովաննի Ռիչուլլիի հետ հանդիպման ժամանակ:

Նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ, կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցությունը տրանսպորտի եւ հեռահաղորդակցության ոլորտներում:

Խոսելով կապի ոլորտում գրանցած ձեռքբերումների մասին՝ նախարարը դեսպանին ներկայացրեց հայաստանյան հեռուստաեթերի թվայնացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշեց, որ արդեն պայմանգիր է կնքվել շվեդական «Էրիքսոն» ընկերության հետ, որն իրականացնելու է այդ գործընթացը:

Ջովաննի Ռիչուլլին վստահություն հայտնեց, որ Իտալիայում ուրախ կլինեն մեծացնել Հայաստանի հետ համագործակցության շրջանակը տրանսպորտի եւ կապի ոլորտում:

Գագիկ Բեգլարյանն ընդգծեց, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստ  է տարբեր ծրագրերով եւ առաջարկներով համագործակցել Իտալիայի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: