Տեւական ժամանակ է՝ հնարավոր չէ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին շրջանում դրսեւորած ակտիվության մասին մեկնաբանություն ստանալ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանից: Մի քանի անգամ NEWS.am-ի թղթակիցը զանգահարել է նրան՝ փորձելով ճշտել, թե ճիշտ են տեղեկությունները, որ Ռոբերտ Քոչարյանը նախատել է իրեն՝ աշխատավարձի 5 տոկոսը կուտակային հիմնադրամներին փոխանցելու բեռը իր վրա վերցնելու համար, առհասարակ՝ ինչ կարծիքի է երկրորդ նախագահի ակտիվության, հնչեցրած քննադատությունների մասին, սակայն Ռոբերտ Քոչարյանի անունը լսելուն պես նա անմիջապես անջատում է հեռախոսը եւ այլեւս չի պատասխանում մեր զանգերին:
Հիշեցնենք, որ «Չորրորդ իշխանություն» թերթը, անդրադառնալով կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի եւ դրա դեմ բողոքների թեմային, գրել է, թե աշխատավարձի 5 տոկոսը կուտակային հիմնադրամներին փոխանցելու բեռը իրենց վրա վերցրած գործարարների շարքերում է նաեւ պղնձամոլիբդենային բիզնեսի առաջատար Մաքսիմ Հակոբյանը՝ Պղնձամոլիբդենայինի Մաքսիմը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Մաքսիմ Հակոբյանի այս նախաձեռնությունը զայրացրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը նրանից հաշիվ է պահանջել, թե այդ ինչ միջոցների հաշվին է նա մտնում այդպիսի ծանր բեռի տակ։ Հայտնի է, որ պղնձամոլիբդենային բիզնեսում լուրջ ներգրավվածություն ունի նաեւ Ռոբերտ Քոչարյանը, եւ Մաքսիմ Հակոբյանը համարվում է նրա բարձր հովանավորությունը վայելող գործարար»։




























