Իշխանություններն իրենց իսկ շահի համար են կալանավորում ազատամարտիկներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը` անդրադառնալով Նախախորհրդարանի անդամ Վարդան Հակոբյանի այն հայտարարությանը, որ «բանակի օրվա առթիվ տեղին կլիներ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին»:
«Պետությունը պարտավորություններ ունի Վոլոդյա Ավետիսյանի առջեւ, բայց էդ պետության գլխին կանգնած մարդիկ իրենց շահերի համար էնպես կանեն, որ Վոլոդյա Ավետիսյանը, Սասուն Միքայելյանը, Մուշեղ Սաղաթելյանը կհայտնվեն բանտերում ու իրանց գործը կթեթեւանա»,- ասաց Սասուն Միքայելյանը:
Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Վոլոդյա Ավետիսյանին առաջադրվել է եւս մեկ մեղադրանք՝ խարդախության փորձ կատարելու համար:




























