Ազատամարտիկներն այսօր` հունվարի 27-ին, ժողով են անցկացրել եւ համախմբման կոչով դիմել իրենց մարտական ընկերներին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը:
«Դաշտային ազատամարտիկների ռազմական խորհուրդը, որը ձեւավորվել է 8 ամիս առաջ եւ միտինգներ է անցկացնում, այսօր ժողով էր արել, որին ես էլ եմ մասնակցել: Մենք միանալու ենք, ստեղծելու ենք կազմակերպություն. բոլոր ազատամարտիկներին համախմբման կոչ ենք անում»,- ասաց Սասուն Միքայելյանը` ընդգծելով, որ ժամանակի ընթացքում հնարավոր է` դառնան ընդդիմադիր ուժ:
Ազատամարտիկի խոսքով` իրենց նպատակն իշխանափոխությունն է. «Միայն իշխանափոխությունը կփրկի մեր պետությունը: Իշխանություններն էսքան տարի ոչ մի բան չեն արել էս ժողովրդի համար»:
Պայքարը միշտ էլ կա Հայաստանում, կարեւորն արդյունքն է: Սասուն Միքայելյանը համոզված է, որ երկիրը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններից կարող են հանել ազատամարտիկները:
«Մենք, որ կռվել ենք հանուն մեր երկրի, եռագույնի, հողի, պարտավոր ենք մասը դառնալու մեր երկրի կարգ ու կանոնի: Մենք պարտավոր ենք կանգնելու, որ Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արդար ընտրություններ լինեն: Պիտի մի անգամ էնպես լինի, որ հայ մարդն իր ձայնը տա իր ուզած մարդուն»,- ասաց նա:
Սասուն Միքայելյանը նշեց, որ դեռ պարզ չէ, թե երբ ազատամարտիկները կանցնեն կտրուկ գործողությունների:



























