Ընդհանրապես գաղտնիությունը չարիքի նշան է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը՝ անդրադառնալով Երեւանում կիսագաղտնիության քողի տակ գործող «Գրիբոյեդով» ակումբին, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը: Նրա խոսքով՝ եթե ակումբը մշակութային նպատակ է հետապնդում, ապա պետք է քննարկումները բաց լինեին:
«Ինչի պետք է գաղտնի լինեին: Եթե որեւէ բան գաղտնի է արվում, ապա դա արդեն վկայությունն է այն բանի, որ դրանում արատավոր բան կա: Լավ չի, որ գաղտնի են անում: Իրենց համար էլ է դա վատ: Հատկապես Գրիբոյեդովի անունով այդ ամենը քողածածկույթի տակ են անում, փոխանակ մատուցվեն: Նույնիսկ ամենաուժեղ հակառուսները ռուսական մշակույթի դեմ ոչինչ չունեն, նրանցը խնդիրը ռուսական իմպերիալիզմի դեմ է: Հետեւաբար, եթե սա իմպերիալիստական դրսեւորում չէ, գաղտնի անելու խնդիր չունեին»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նաեւ օրինակ բերեց, որ ամբողջ կյանքը ռուսական իմպերիալիզմի դեմ է պայքարել, բայց կմասնակցեր այդ ակումբի քննարկումներին, եթե այն մշակութային լիներ: «Գուցե այդ մշակութային քողի տակ այլ բան է արվում, բայց դա պետք է պարզել նոր այդ մասին խոսել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:
Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր. «Տեւական ժամանակ է, Երեւանում կիսագաղտնիության քողի տակ գործում է «Գրիբոյեդով» ակումբը, որի հիմնադիրը Կրեմլի քաղաքականության քարոզչության թիվ 1 հրապարակային դեմքն է՝ հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովը: Իսկ «Գրիբոյեդով» ակումբի հավաքները տեղի են ունենում ամիսը մեկ անգամ, երեւանյան տարբեր էլիտար ռեստորաններում, որոնք հավաքների ժամանակ փակվում են։ Այդ հավաքներին մասնակցելու համար ամեն ամիս Հայաստան է ժամանում անձամբ Դմիտրի Կիսելյովը, ով էլ յուրաքանչյուր անգամ մեծ-մեծ հաշիվներ է փակում էլիտար այդ ռեստորաններում ակումբի մասնակիցների ընթրիքից հետո։ Ընթրիքներն ընթանում են հարցուպատասխանի ֆորմատով, տեղացիների հարցերին պատասխանում են ՌԴ-ից հրավիրված հյուրերը, որոնք փոփոխվում են»,- ասված էր հրապարկման մեջ:
Իսկ ակումբի հրավիրյալների ցանկում եղել են Վազգեն Մանուկյանը, Տիգրան Լիլոյանը՝ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, նախկին նախարար էդվարդ Սանդոյանը, Կարինե Գեւորգյանը, ով աշխատում է Մոսկվայի Արեւելագիտության ինստիտուտում, ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Արա Թադեւոսյանը՝ «Մեդիամաքս», Շուշանիկ Արեւշատյանը, Եգոր Գլումովը, Շուշան Պետրոսյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























