Բոսնիայի սերբերի բանակի նախկին հրամանատար Ռատկո Մլադիչը, որը հունվարի 28-ին Սերբիայի եւ Բոսնիա եւ Հերցեգովինայի նախկին նախագահ  Ռադովան Կարաջիչի գործով որպես վկա հրավիրվել էր դատարան, նախկին Հարավսլավիայի գործով միջազգային տրիբունալին մեղադրել է իր վրա ճնշում գործադրելու համար եւ այն անվանել է ՆԱՏՕ-ի ստեղծած «սատանայական դատարան»։

Մլադիչը, ինչպես եւ Կարաջիչը, մեղադրվում է 1992-1995թթ. ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն իրագործելու եւ պատերազմի կանոնները խախտելու մեջ։ Միջազգային տրիբունալը Մլադիչին ստիպել է ցուցմունք տալ հենց Կարաջիչի պահանջով։

Նիստի ժամանակ Մլադիչը շարունակել է բողոքել վատ ինքնազգացողությունից եւ իր իրավունքների խախտումից։

«Ես չեմ ընդունում այս դատարանը եւ չեմ կարող երդվել ու ցուցմունք տալ, քանի որ ճնշում են գործադրում իմ, իմ առողջության եւ իմ ժողովրդի վրա», — ասել է Մլադիչը` դատարանն անվանելով «ՆԱՏՕ-ի ստեղծած սատանայական դատարան»: Մլադիչը ցանկություն էր հայտնել կարդալ նախօրեին իր նախապատրաստած յոթ էջանոց տեքստը, որըկարող էր հետաքրքրել դատարանին:

Կարաջիչը Մլադիչի համար վեց հարց էր պատրաստել, որոնցից հինգը տվել էր: Գեներալը պատասխանել էր միայն առաջին հարցին, որը վերաբերվում էր իր ռազմական կարիերայի փուլերին: Մյուս բոլոր հարցերին Մլադիչը հրաժարվել էր պատասխանել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Գլխավոր հարցերից մեկը վերաբերում էր 1995թ. Սրեբրենիցայում արական սեռի նկատմամբ զանգվածային հաշվեհարդարին: Անպատասխան մնացած մյուս հարցերն էլ վերաբերել են Սարայեւոն սերբական ուժերի կողմից հրաձգության ենթարկելուն եւ սերբերի հսկողության ներքո գտնվող Բոսնիայի մահմեդականների ու խորվաթների աքսորին:

Հաագայի դատարանի դահլիճից հեռարձակումն իրականացվում է Հարավսլավիայի գործով միջազգային տրիբունալի կայքով: