Հայկական բանակը հույսի եւ հավատի շունչ է, անկախության պտուղ։ Եվ բանակի օրը համազգային տոն է։ Այս մասին հունվարի 28-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարել է պաշտպանության նախկին փոխնախարար, արցախյան պատերազմի մասնակից, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը՝ ելույթ ունենալով Հայկական բանակի օրվա առթիվ։
Նա ընդգծել է, որ հայկական բանակն ունի մեկ նպատակ՝ պաշտպանել այն ամենը, ինչը վերաբերում է հայ ժողովրդին, մշակույթին, արժեքներին, այլ ոչ թե սոսկ մեր սահմանների անձեռնմխելիությունը։
Ըստ նրա` հայոց բանակը փայլուն ճանապարհ է անցել, սակայն այն դեռ երիտասարդ է: «Հայոց բանակն ստեղծվում էր մեր անկախությունը պաշտպանելու համար, երբ մեր տունը վտանգի մեջ էր»: Գեներալ-մայորն ընդգծել է, որ արցախյան պատերազմը հայերի համար ազատագրական էր: «Մենք կախվածությունից բացի կորցնելու ոչինչ չունեինք, եւ այն մենք փոխեցինք անկախության հետ», - նշել է Պետրոսյանը՝ հավելելով, որ պատերազմն Ադրբեջանն էր սկսել, եւ հայերը ստիպված էին պաշտպանել իրենց տները եւ ընտանիքները: «Սակայն ադրբեջանական ագրեսիան ուժգնանում էր, բանակ ստեղծելու անհրաժեշտություն էր ծագում: Եվ մինչ կամավորների խմբերը պաշտպանում էին սահմանները եւ կռվում ճակատում, թիկունքում ստեղծվում էր հայոց բանակը», - հիշեցրել է նա:




























