Եթե դեպքը տեղի է ունեցել մոտավորապես ժամը 19-ին, ես այդ ժամանակ գտնվել եմ ինքնաթիռում. բնականաբար չէի կարող ականատես լինել, իսկ իմ ընտանիքում այդ պահին որեւէ մեկը չկար, որ ականատես լիներ ու գոնե ինձ պատմեր: Այս մասին, այսօր՝ հունվարի 28-ին, Գյումրիում Բանակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասել է Գյումրիի քաղաքապետ։ Սամվել Բալասանյանը՝ անդրադառնալով Aravot.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրապարակավ իրեն արված դիտողությունը, թե հարգարժան քաղաքապետը ոստիկանությանը հայտարարություն չի տալիս իր տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին, այսպիսով չի օգնում իրենց բացահայտելու հանցագործությունը:

«Նրանք, ովքեր ականատես եղել են՝ բոլորը ցուցմունքներ տվել են: Այսօրվա դրությամբ այդ տարբեր տեսակի մեկնաբանությունները` այնտեղ մեկը ասեց` Բալասանյանը գողական, վախկոտ, չգիտեմ , նմանատիպ պիտակներ, որոնք ինձ, բնականաբար, չեն սազում որպես քաղաքապետի: Չէի ուզենա, մանավանդ մեր քաղաքի հետ կապված, քանի որ գիտեք` մեր քաղաքը լուրջ առաջընթաց ունի, նոր պիտակներ կպցվեին: Մենք պիտի հասկանանք, հանենք, խնդրում եմ այդ հարցում օգնեն նաեւ լրատվամիջոցները, որովհետեւ մեր քաղաքը սպորտի, մշակույթի քաղաք է, որովհետեւ հիմա ոնց որ թե մենք բոլորովս բոլորի ջրաղացին ջուր լցնենք, թե մեր քաղաքը կրիմինալ քաղաք է: Չկա էդպիսի բան, կա օրենք եւ բոլորս պետք է ենթարկվենք օրենքին`ինձանից սկսած եւ վերջացրած բոլորով»,- ասել է  քաղաքապետը:

Դիտարկմանը, թե ինչո՞ւ տեղում չի հակադարձել Վլադիմիր Գասպարյանին, Սամվել Բալասանյանն արձագանքել է. «Պետք չէր այդ պահին որեւէ բան հակադարձել, եթե մարդը ինքը ելույթ էր ունենում, իսկ ինձ խոսք տրված չէր, որ ես հակադարձեի: Հիմա խոսում եմ, որովհետեւ հետագայում մեկնաբանվեց այդ ամեն ինչը»:

Նրա խոսքով ՝տեղի ունեցածի գնահատականը պետք է տան համապատասխան իրավապահները, ոչ թե՝ ինքը:

Հիշեցմանը, որ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակը, նույն սցենարով մեկ անգամ եւս`ՏԻՄ ընտրությունների նախաշեմին եկել էր իր տան վրա, Բալասանյանը նախազգուշացրել է, որ եթե այս անգամ էլ իրավապահները նորմալ չզբաղվեն այս գործով եւ էլի կրկնվեն Սպարտակի նման այցերը, ապա ինքը կպատժի նրան: Իսկ թե ինչ մեթոդներով, պարոն Բալասանյանը չմանրամասնեց`ասելով, որ իր պատիժը 3-րդ անգամ կերեւա: «Որեւէ մեկը չկասկածի իմ պատիժների վրա... Այսօրվա դրությամբ մենք մեր թասիբին ուղղակի կուլ չպիտի գնանք, եթե չի արվելու, ես կպատժեմ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ հունվարի 21-ին՝ երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, Սպարտակ Ղուկասյանը՝ հարբած վիճակում, մի խումբ ընկերների հետ, երկու մեքենայով գնացել է Սամվել Բալասանյանի տուն ու հերթական «դեբոշը» սարքել: Գյումրիի նախկին քաղաքապետի որդին եւ նրա ընկերները գոռգռացել են, հայհոյել Բալասանյանին, սպառնացել, թե «խփել կտանք»: Տարածքի բնակիչները վախից փակել են դռները եւ հեռացել, իսկ Գյումրիի քաղաքապետը տանը չի եղել, նա այդ ժամանակ ԱՄՆ-ից վերադառնում էր Հայաստան: Բալասանյանի ընտանիքի անդամները որեւէ կերպ չեն արձագանքել Սպարտակ Ղուկասյանի հերթական «ներկայացմանը»: NEWS.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ այս ամենը տեսագրել էին տարածքի տեսախցիկները, եւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը այս անգամ վճռական է տրամադրված, տեսախցիկների ձայնագրությունը տրամադրվելու է իրավապահներին:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քաղաքապետը այդ օրը երեկոյան է վերադարձել Հայաստան, մամուլում շրջանառվող դեպքերի ականատես չի եղել, քանի որ տանը չի եղել: «Ամեն դեպքում, անկախ ամեն ինչից,  թե ովքեր են եղել կամ ովքեր չեն եղել, կան տեսախցիկների արձանագրած տեսագրությունները, որոնք հետագայում կօգտագործվեն մեր կողմից»,- հայտնել էր մամուլի քարտուղարը:

Իսկ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներն ուսումնասիրվում են: Վարդան Ղուկասյանի որդու հարձակման տեսագրությունը հայտնվել է համացանցում, նա հրավիրվել է ոստիկանություն՝ բացատրություններ տալու:

Առավել մանրամասն սկզբնաղբյուր կայքում: