Ուկրաինայի ընդդիմությունը նոր կառավարության ձեւավորումը չի բացառում, սակայն իրենք դրան չեն մասնակցի։ Այս մասին Գերագույն ռադայի կուլուարներում լրագրողներին ասել է «Բատկիվշչինայի» պատգամավոր Արսեն Ավագովը։
«Ազարովի կառավարությունը հրաժարական է տվել, նրա հետ՝ բոլոր անցանկալի նախարարները՝ սկսած Զախարչենկոյից, վերջացրած Տաբաչնիկով եւ մի քանի այլ նախարարներով։ Այժմ օրենքն ասում է, որ նրանք կարող են աշխատել 60 օր՝ կատարելով պարտականությունները, ինչից հետո, Սահմանադրության համաձայն, նախագահը պետք է կառավարության նոր կազմ նշանակի։
Եթե այդ ընթացքում զուգահեռ չլուծվի Սահմանադրության հարցը, չփոխվի իշխանության համակարգը, որը թելադրում է կառավարության նշանակում, ապա կշարունակի մնալ Վիկտոր Յանուկովիչի կառավարությունը, դա մեզ համար անընդունելի է», - ասել է Ավագովը:
«Մեզ իշխանության նոր համակարգ է անհրաժեշտ, որը գրված է նոր Սահմանադրությունում: Կարգն այսպիսին է`Սահմանադրություն, այնուհետեւ Գերագույն ռադայում նոր մեծամասնություն, հետո` նոր կառավարություն եւ նոր վարչապետ», - նշել է պատգամավորը, հայտնում է ՈՒՆՆ-ը:




























