Վրաստանի պաշտպանության նախարարությունը հունվարի 28-ին կապի նոր զրահապատ ռազմական մեքենա է ներկայացրել, որը ստեղծվել է Վրաստանի «Դելտա» գիտատեխնիկական կենտրոնի կողմից:
Նոր մեքենան ստեղծվել է 2011թ. արտադրված «Դիդգորի» թեթեւ զրահապատ մեքենայի հիմքով: Նոր մեքենայի ստեղծման նպատակը ռազմական գործողությունների ժամանակ դրա օգնությամբ զինվորական ստորաբաժանումներին տվյալների արագ, հուսալի եւ պաշտպանված փոխանցումն է, ասվում է պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:
Հաղորդվում է, որ մեքենան հուսալի զրահապատված է եւ ապահովում է անձնակազմի լիակատար պաշտպանությունը, ունի արագ տեղաշարժվելու ունակություն:
Ըստ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի՝ նոր մեքենան համապատասխանում է վրացական բանակի պահանջներին, եւ «Դելտա» կենտրոնին հատուկ էր հանձնարարվել ստեղծել այն, հայտնում է «Նովոստի Գռուզիան»:




























