Անցյալ տարին նախորդին զիջում էր մակրոտնտեսական գրեթե բոլոր կարեւոր ցուցանիշներով: Տնտեսական ակտիվության ցուցանիիշը հաշվետու տարում, կազմելով 103,5 տոկոս, 3,7 տոկոսային կետով զիջում էր հիմնարար տարուն: Այդ կերպ հիմնարար  ցուցանիշի աճ տեղի չունեցավ:

Արդյունաբերական արտադրության ֆիզիկական ծավալի աճը(106.8 տոկոս) 2,0 տոկոսային կետով զիջում էր նախանցյալ տարվա ցուցանիշին: Նշենք, որ սա հիմնականում կապված էր էլեկտրաէներգիայի արտադրության անկման հետ:

Գյուղատնտեսության բնագավառում մոտավորապես նույն պատկերն էր: Չնայած հաշվետու տարում համախառն արդյունաբերական արտադրանքի զգալի աճին(107.1 տոկոս) անցյալ տարվա ռեկորդին չէր բավականացնում 2.4 տոկոսային կետ: 2012թ.-ի նշված ռեկորդն ապահովեց բուսաբուծության արտադրանքի երկնիշ աճը(14.0 տոկոս): Այնպես որ բազային համեմատաբար բարձր մակարդակն էլ որոշ չափով «դանդաղեցրել է» անցյալ տարվա տոկոսները:

Շինարարության ծավալը վերջին տարիներին անշեղորեն կրճատվում է: 2012թ.-ին աշխատանքների ծավալը կարծես խախտում էր միտումը՝ 0.2 տոկոս աճով: Սակայն անցյալ տարին նշանավորվել 7.1 տոկոս անկումով: Նախանցյալ տարվա առաջընթացին նպաստում էր «բնակչության» հաշվին շինարարական աշխատանքների ծավալի երկնիշ թվով աճը(26.7 տոկոս), մասամբ նաեւ պետական բյուջեից ու միջազգային վարկերից ստացվող միջոցները:

Հաշվետու տարված հունվար-նոյեմբերի ամիսներին պետբյուջեի ու միջազգային վարկերի հաշվին շինարարության ծավալների աճը շատ ավելի նվազեց: Դրա հետ մեկտեղ ազդեց նաեւ կազմակերպությունների միջոցների հաշվին շինարարության կրճատումը՝ 18,7 տոկոսով: Նշենք, որ վերջին երկու տարում շինարարության այս հատվածը կրճատվել է 49,2-ից մինչեւ 43,8 տոկոս:

Նախանցյալ տարվա համեմատ հաշվետու նարում որակապես վատթարացել է գնաճի ու աշխատավարձների աճի տեմպի համահարաբերակցությունը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ 2012թ.-ին սպառողական գների ինդեքսը կազմել է 102,6 տոկոս, իսկ միջին աշխատավարձը բարձրացել է 5,1 տոկոսով: Անցյալ տարի տրամագծորեն հակառակ իրավիճակ էր. գնաճը կազմում էր 5,8 տոկոս, միջին աշխատավարձի աճը 4,8 տոկոս:

Ներքին առեւտրի աճում նույնպես հետընթաց է նկատվել: Ապրանքաշրջանառաության ֆիզիկական ծավալը՝ մանրածախ ու մեծածախ առեւտուրը ներառյալ(նաեւ ավտոմեքենաներ), աճել է 1.2 տոկոսով(նաորդ տարում՝ 3.6 տոկոս):

Արտաքին առեւտրում ներկրման համեմատ արտահանման ծավալի աճի տեսքով փաստացի առաջընթաց կար: Սակայն բացասական մնացորդը աճել էր. նախանցյալ տարում այն կազմում էր 2.8 մլրդ դոկար, իսկ անցյալ տարում աճել է 158 մլն դոլարով(կամ 5.6 տոկոս)՝ հասնելով մոտ 3.0 մլրդ դոլարի:

Սմբատ Գրիգորյան