Apple ընկերության ռուսական ներկայացուցչությունը ցանկանում է արգելել «i» տառով սկսվող ապրանքանշանի անվանումը գործածելը: Ընկերությունն արդեն հայտ ներկայացրել է Պետերբուրգի «Պանիմպորտ» ընկերությանը՝ պահանջելով հրաժարվել iBroker ապրանքանիշից եւ 50 հազար ռուբլի փոխհատուցում վճարել, հայտնում է fontanka.ru-ն:
«Ներկայումս Ռուսաստանում միտում է հայտնվել ապրանքանիշի սկզբում գործածել "i" տառը: Այդպես են առաջացել iTour-ը, iФрукт-ը, iCar-ը, iBroker-ը, iPortret-ը եւ այլն: Այդ բոլոր ընկերություններն օգտագործում են Apple ապրանքանիշի իմիջը՝ իրենց ապրանքներն առաջ տանելու նպատակով: Մենք դա անթույլատրելի ենք համարում եւ դատարանի միջոցով կհասնենք դրանց արգելմանը», - ասվում է Apple ընկերության ռուսական ներկայացուցչության՝ «Էյփլ Ռուս»-ի հայտարարության մեջ:
Ընկերությունը նախատեսում է առաջիկայում եւս 10 հայց ներկայացնել:
«Պանիմպորտը» համաձայն չէ մեղադրանքին: Ըստ նրա՝ Apple-ը չի կարող արգելել իրենց գործածել “i” տառը: «Անկեղծ ասած, մենք շփոթված ենք: Մենք ոչինչ չենք խախտել՝ "i" տառը Apple ընկերությանը չի պատկանում: Իսկ մեր ապրանքանիշը պաշտոնապես գրանցված է», - պատմել են ընկերությունում:
Ըստ ռուս իրավաբանների՝ Apple ընկերությունը «i» տառի նկատմամբ իրավունքներ կարող է ներկայացնել, սակայն միայն նման ծառայություններ եւ ապրանքներ մատակարարողներին:




























