Արցախի գյուղատնտեսության հսկայական ներուժը պետք է կիրառել Հայաստանի պարենային անվտանգության ապահովման գործում, որի համար պետք է առանցքային դերակատարում կունենա գիտությունը: Այս մասին, հունվարի 28-ին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը:
Նա կարեւորել է ուսանողների հետ իր հանդիպումները, քանի որ դրանք, այլ միջոցառումների շարքում, հնարավորություն են տալիս ուղիղ կապի մեջ լինել հասարակության հետ:
Իր խոսքում անդրադառնալով գյուղատնտեսության նշանակությանը՝ վարչապետ Հարությունյանը մատնանշել է աշխարհի առջեւ ծառացած պարենային հիմնախնդիրը, որի լուծումը, ըստ նրա, զարգացած գյուղատնտեսությունն է:
Ա. Հարությունյանը, ներկայացնելով վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքները գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, առանձնացրել է մեքենատրակտորային բազայի հարստացումը հարյուրավոր միավոր գյուղտեխնիկայով, միլիարդավոր դրամների հասնող վարկերի եւ սուբսիդիաների տրամադրումը, ինչպես նաեւ անասնագլխաքանակի մեծ աճը, տոհմային կենդանիների բուծման հիմնումը եւ մշակաբույսերի բազմազանության ապահովումը: Վարչապետը կարեւորել է նաեւ գյուղատնտես մասնագետների պատրաստման ուղղությամբ ձեռքբերված որոշ հաջողություններ, որտեղ նշանակալից է ագրարային համալսարանի դերը:
Գործադիրի ղեկավարն անդրադարձել է նաեւ գյուղատնտեսության առջեւ ծառացած խնդիրներին ու մարտահրավերներին, որոնց շարքում են՝ գյուղատնտեսությամբ զբաղվողների մասնագիտական ձեռնահասության բարձրացումը, նորագույն տեխնոլոգիաների ներդրումը, ֆինանսական խոշոր միջոցների ընդգրկումը, տեխնիկական պարկի վերջնական արդիականացումը ու հարստացումը եւ այլն: Վարչապետը հատուկ նշանակություն է տվել ուսանողների դերին այդ խնդիրների լուծման ճանապարհին, կոչ անելով նրանց իրենց գիտելիքները կիրառել գործնական ոլորտում: Կառավարության ղեկավարը խոստացել է ագրարային համալսարանին աջակցել համապատասխան փորձադաշտերի եւ տեխնիկական միջոցների ձեռքբերման գործում, որպեսզի կրթությունն ու գիտությունը հնարավորինս կիրառական դաշտ բերվեն:




























