Առեւտրի համաշխարհային կազմակերպության  պահանջները կարող են Հայաստանին ազատել ՄՄ բարձր մաքսային հարկերն ընդունելու պարտականությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Այս փուլում Հայաստանը բանակցություններ է վարում, որպեսզի ժամանակավորապես հանվեն երկրի տնտեսության համար առանցքային որոշ ապրանքներից տուրքերի գանձումը:

«Բնական է, որ գանձումների ժամկետը սահմանափակ է՝ 1-3 տարի, սակայն ինչպես գիտեք, Ռուսաստանը, ինչպես եւ մենք, ԱՀԿ անդամ է: Իսկ ԱՀԿ-ն պահանջում է այդ 1-3 տարիների ընթացքում նվազեցնել հարկային տուրքերի մեծ մասը: Այնպես որ, բանակցային գործընթացի հիմնական տրամաբանությունն այն է, թե որ ապրանքների համար ենք համաձայնում միանգամից բարձրացնել հարկային տուրքերը եւ որոնց համար ենք «թայմ-աութ» ուզում»,-պարզաբանել է նախարարը:

Նա հավելել է, որ Մաքսային միություն մուտք գործելով՝ Հայաստանը, բնականաբար, պետք է հիմնվի այնտեղ արդեն իսկ գործող տուրքերի վրա: «Իսկ հետագա որոշումները կկայացվեն արդեն մեզ հետ համաձայնեցնելուց հետո, քանի որ ՄՄ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսի հիման վրա»,-ասել է Սարգսյանը: