ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) հունվարի 31-ին կնշի երկու նոր հնգամյա ծրագրերի` «Գործընկերություն հանուն գյուղական համայնքների զարգացման» (PRP) եւ «Գյուղի զարգացման արդի նախաձեռնություն» (ARDI) պաշտոնական մեկնարկը: PRP եւ ARDI ծրագրերը հիմնված են  ՀՀ կառավարության, ԱՄՆ կառավարության, ԱՄՆ ՄԶԳ-ի, այլ դոնորների եւ հասարակական կազմակերպությունների ներկայիս եւ նախկին նախաձեռնությունների վրա` ուղղված մայրաքաղաքից դուրս երկրի լայնամասշտաբ զարգացմանը: Տեղական կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերը կանդրադառնան թիրախային գյուղական համայնքների տնտեսական մարտահրավերներին, կօգնեն նրանց ավելի մրցունակ դառնալ եւ տեղի բնակչության համար նոր աշխատատեղեր ստեղծել: Միջոցառման ընթացքում կներկայացվեն PRP եւ ARDI ծրագրերի մանրամասները:

Խոսքով հանդես կգան ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը,  PRP-ն իրականացնող ՓՄՁ ԶԱԿ-ի ղեկավար Անուշ Ասլանյանը, եւ ARDI-ն իրականացնող Ֆուլեր տնաշինական կենտրոնի ղեկավար Վահե Սարդարյանը: 

Հրավիրյալների շարքում են ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, գործընկեր կազմակերպություններ, տեղական եւ միջազգային կազմակերպությունների, ՀԿ-ների եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ:

Թեման` ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող գյուղական զարգացման երկու ծրագրերի պաշտոնական մեկնարկ:

Նշենք, որ 1992 թվականից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` կառավարելով ԱՄՆ օժանդակության ծրագրի մոտ երկու երրորդը: ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը Հայաստանում  աշխատում է ՀՀ հանրության, կառավարության, հասարակական կազմակերպությունների ու բիզնեսների, ինչպես նաեւ այլ դոնորների հետ` Հայաստանի տնտեսական մրցունակությունը բարելավելու, քաղաքացիական մասնակցությունը եւ բազմատեսակ ԶԼՄ-ների հասանելիությունը խթանելու, առողջապահական եւ սոցիալական ծառայությունների մատչելիությունը ավելացնելու եւ անապահով քաղաքացիներին աղքատությունից պաշտպանելու նպատակով: