«Նաիրիտ» գործարանի մարտի 1-ից լուծարվելու, ինչպես նաեւ վարչապետի եղբոր՝ 42.000.000 դրամ վերջնահաշվարկ ստանալու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրիտի» մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը:

Նա նշեց, որ իրենց համար անակնկալ էր մարտի 1-ից լուծարվելու մասին լուրը եւ չգիտեն, թե որտեղից է այն տարածվել լրատվամիջոցներում, ով է ինֆորմացիայի աղբյուրը: «Այդպիսի աբսուրդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես սադրանք: Նույնպիսի սադրանք է նաեւ Աշոտ Սարգսյանն աշխատանքից ազատվելուց հետո 42 մլն. դրամ վերջնահաշվարկ ստանալու մասին լուրը, դա աբսուրդ գումար է, այդպիսի գումար գոյություն չունի, նա վերջնահաշվարկ չի ստացել, նույնիսկ ավելի վատ պայմաններով է ստանում իր աշխատավարձը: Երբ մնացած աշխատակիցները ստանում են իրենց աշխատավարձը, նա, ինչպես նաեւ գործարանի ղեկավարությունը, ստանում է աշխատավարձի 50 տոկոսը»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ «168 ժամը» գրել էր, թե անցած տարի ամռանը «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի փոխտնօրենի պաշտոնից հրաժարական տված ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի եղբայրը Աշոտ Սարգսյանը, կարճ ժամանակահատվածում գործարանից ստացել է 42 մլն դրամ որպես վերջնահաշվարկ: Այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչպիսի ծանր ֆինանսական վիճակում է գտնվում գործարանը, ինչի պատճառով չի կարողանում վճարել աշխատակիցների աշխատավարձի՝ միլիոնների հասնող պարտքերը։ Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե «Նաիրիտը» մարտի 1-ից փակվելու է: