Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն, այսօր՝ հունվարի 30-ին, նամակով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ անդրչադառնալով այն փաստին, որ Տարոն Մարգարյանը շնորհավորական ուղերձ է հղել թիվ 27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանին:

Նամակի բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ինձ հայտնի է դարձել, որ  սույն թվականի հունվարի 29-ին թ.27 դպրոցի նախկին՝ ՀՀ Շենգավիթի դատարանի կողմից դատապարտված տնօրեն Սուսաննա Սարգսյանը, ում նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը օրինական ուժի մեջ է մտել ս.թ. հունվարի  26-ին, դպրոցում կոլեկտիվին է ներկայացրել Ձեր կողմից իր ծննդյան տարեդարձի շնորհավորական ուղերձը, որում Դուք անգնահատելի եք համարել նրա աշխատանքն ու ներդրումը պետականության կայացման ու պահպանման կարեւորագույն գործում այն դեպքում, երբ այդ տնօրենը դատապարտվել է պետական միջոցները խոշոր չափերով յուրացնելու հոդվածով: Ուղերձը գրված է եղել քաղաքապետարանի տիտղոսաթերթի վրա, որը բարձրաձայն հրապարակել  է դպրոցի հայոց լեզվի նորանշանակ ուսուցչուհի Գայանե Ավետիսյանը, իսկ այժմ այն հրապարակված է տնօրենի Facebook-ի էջում:

Բացատրեք խնդրեմ, թե ինչ բարոյական ու մարդկային արժեքներից ելնելով եք պետական միջոցները խոշոր չափերի յուրացման մեջ մեղադրվողին ու արդեն դատապարտված  նախկին տնօրենին շնորհավորել իր ճի՛շտ հակառակ՝ հանցավոր գործունեության համար: Ձեր շնորհավորանքով ակնհայտ եք դարձնում հովանավորչության աստիճանը, որը շարունակում է վայելել դատապարտյալ նախկին տնօրենը, եւ սրանով Դուք այսուհետ Ձեզ զրկում եք ի պաշտոնե պետականության ամրապնդման եւ նրա շահերի մասին խոսելու իրավունքից»: