Սեւանի ջրի օգտագործումը չպետք է հանգեցնի դրա մակարդակի իջեցմանը: Այս մասին հունվարի 30-ին կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը՝ մեկնաբանելով կառավարության կողմից «Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ու վերականգնման մասին» օրենքում փոփոխությունների արտոնումը:

Օրինագծի համաձայն՝ տարեկան լճից առավելագույնս կարող են բաց թողնել 170 մլն քմ ջուր, սակայն նախատեսվում է մինչեւ 2019թ ջրի ծավալն ավելացնել մինչեւ 240 մլն քմ-ի: Երբ նոր ջրամբարներ կառուցվեն, Սեւանից բաց թողնվող ջրի ծավալը կրկին կնվազեցվի:

«Ջուրը բաց կթողնվի այն պայմանով, որ լճի մակարդակը չի նվազի»,-պարզաբանել է նախարարը: Նա նշել է, որ այս տարվա հունվարի 1 դրությամբ լճի մակարդակը 12 ամիսների ընթացքում բարձրացել է 6 սմ-ով:

Ներկայումս Սեւանի մակարդակը կազմում է 1900,6 մ: