NEWS.am-ին տված հարցազրույցում Հայաստանի էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արթուր Աշուղյանը պատմել է Ռուսաստանից առանց մաքսերի ադամանդի ներկրման շուրջ բանակցությունների օրակարգի մասին: Երեւանում 2013թ.-ի դեկտեմբերի 2-ին կայացած միջպետական համաձայնությունները սահմանում են ապրանքների 3 խումբ, որոնք Հայաստանը կարող է ձեռք բերել առանց ՌԴ արտահանման մաքսերի՝ գազ, նավթամթերք, ադամանդ: Սակայն հայ ոսկերիչների մոտ առանց մաքսերի առեւտուրն արդեն մի շարք հարցեր է առաջացրել…
Պարոն Աշուղյան, սահմանափակում է արդյո՞ք համաձայնությունը ներկրվող քարերի քանակությունը, ինչպես որ 2007թ.-ին էր:
Նման սահմանափակումներ չկան: Կան ներքին սահմանափակումներ եւ ՌԴ թանկարժեք քարերի ու մետաղների հիմնադրամի ձեւավորման պետական հաստատության կողմից, եւ «Ալրոսի» կողմից, սակայն դրանք տարածվում են բոլորի վրա, այլ ոչ թե միայն Հայաստանի:
Ճիշտ է արդյոք, որ վերաարտահանման սահմանափակումը գործում է միայն անմշակ ադամանդների դեպքում:
Ճիշտ է: Մշակված ադամանդը կարելի է ազատորեն արտահանել: Իսկ անմշակ ադամանդի վերաարտահանման արգելքը կարծում եմ պարզ է. եթե Ռուսաստանը ցանկանա առանց մաքսերի ադամանդ վաճառել, նա ինքը կանի դա, այլ ոչ թե Հայաստանի միջոցով: Իսկ մենք մեր հերթին մաքսերի վերացումը դիտարկում ենք որպես Հայաստանում ադամանդագործության վերածննդի հիմք ու ներդրումների հնարավոր հոսք: Իսկ դա ոչ այնքան հարկեր ու բյուջե է, որքան զբաղվածություն: Այսպես թե այնպես, ադամանդամշակությունից բյուջեն առանձնապես ոչինչ չի ստանում. դաշտն ազատված է ԱԱՀ-ից: Մեզ համար առաջնայինը բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումն է:
Ադամանդների մշակմամբ զբաղվող հայկական կազմակերպություններին մտահոգում է այն, որ ստացվող ադամանդը մշակել շահավետ չէ. շատ էժան են ու դժվար մշակելի: Հարկ կլինի վերավաճառել: Հնարավո՞ր է քարերի այդ տեսակների համար թույլատրել վերաարտահանումը: Եթե ռուսական ընկերությունները վճարում են արտահանման մաքս, հայկականներն էլ են պատրաստ…
Այո, կա նման մտահոգություն: Անմշակ ադամանդի վերաարտահանումն ըստ պայմանագրի խախտում է համարվում: Նման դեպքում պետք է վճարեն 6,5 տոկոս տուրք, ինչպես նաեւ որոշ տուգանքներ: Այսօր սա բանակցությունների հարցերից մեկն է. կարծում եմ, այն կգտնի իր օպտիմալ լուծումը:
Ինչպե՞ս է ձեւավորվելու ադամանդների քվոտան, որի շրջանակներում հնարավոր կլինի ձեռք բերել դրանք առանց մաքսերի:
Քվոտայի ուղղակի հասկացություն չկա, գոյություն ունի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրերին համապատսխան ադամանդների ներկրման հասկացություն:
Այսօր մեր մշակող ընկերությունները կարող են ցանկացած քանակությամբ ադամանդ գնել՝ համաձայնագրերին համապատասխան:
Որպես համաձայնագրերի սուբյեկտ նշված են եւ «Գոխրանը», եւ ադամանդ արդյունահանող ձեռնարկությունները: Ո՞ւմ հետ են կնքվելու պայմանագրերը:
Համաձայնագրում նշված են Գոխրանը, ինչպես նաեւ Ռուսաստանի արդյունահանող ձեռնարկությունները: Մաքսերի վերացումը տարածվում է հայկական կազմակերպությունների այս կառույցներից ցանկացածի հետ կնքած պայմանագրերի վրա:
Հայ բանակցողները բարձրացնում են նաեւ Միացյալ մաքսային օրենսդրության ժամանակավոր վերացումը մի շարք ապրանքների դեպքում: Սրանց մեջ մտնո՞ւմ են ադամանդները: Հայաստանում դրանց համար ներկրման մաքս չկա, իսկ Ռուսաստանում այն կազմում է 15 տոկոս…
Մենք մի շարք ապրանքների, այդ թվում նաեւ ադամանդների դեպքում ազատելու հարցում ենք կատարել. իհարկե, ցանկանում ենք շարունակել ձեռք բերել դրանք երրորդ երկրներից, որպեսզի նվազեցնենք ռիսկերը:
Զրուցեց Արամ Գարեգինյանը



























