Վատիկանին մոտ գտնվող շենքերից մեկի պատին մի մեծ գրաֆիտի է հայտնվել, որտեղ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը պատկերված է Սուպերմենի կերպարանքով:
Նկարում երևում է` ինչպես է Պապը աջ ձեռքը բռունցք արած և վեր պարզած օդ բարձրանում: Նկարում, որը հեղինակը մակագրել է Maupal 2014, Հռոմի Պապը պատկերված է սպիտակ պարեգոտը հագին, վզից խաչ կախված, որը կարծես քամուց օրորվում է, ձախ ձեռքում նա բռնել է սև պայուսակ, որի վրա գրված է Valores, ինչը թարգմանաբար նշանակում է «արժեքներ»:
Ինչպես հաղորդում է Metro-ն, պայուսակից կախված է նաև մի շարֆ՝ Պապի սիրած արգենտինական «Սան Լորենցո» ֆուտբոլային թիմի խորհրդանշող գույներով:
Ի տարբերություն ծպտված Սուպերմենի կերպարի, որը «երբեք չավարտվող պայքարում» կռվում է ճշմարտության և արդարության համար, Ֆրանցիսկոս Պապին կարելի է միանգամից ճանաչել:




























