Կապանում ծառից կախվելու միջոցով ինքնասպանություն գործած 28-ամյա Ա.Ն.-ն ատամնաբույժ էր աշխատում «Վովա դենտ» ատամնաբուժարանում:
Ատամնաբուժարանի տնօրենը ցնցված էր աշխատակցի՝ ինքնասպանություն գործելու լուրից: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ վերջին երկու օրերին Ա.Ն.-ն տնից դուրս էր գալիս աշխատանքի գնալու նպատակով, բայց իրականում աշխատավայր չէր գնում, հեռախոսն էլ անհասանելի էր լինում: «Նորմալ, «պարյադոչնի» տղա էր թե որպես մասնագետ, թե որպես մարդ»,- ասաց ատամնաբուժարանի տնօրենը:
Նա նշեց, որ աշխատակիցը ամուսնացած էր, փոքր երեխա ուներ, ընտանիքում երջանիկ էր: Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ Ա.Ն.-ն պարտքեր ուներ տարբեր բանկերում: Պարտքերն են դրդել երիտասարդին ինքնասպանություն գործել, թե կա այլ պատճառ, առայժմ հայտնի չէ: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փրկարար ծառայությունը հունվարի 31-ին, ժամը 00.09-ին տեղեկատվություն է ստացել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքում անձը չպարզված քաղաքացին ինքնասպան է եղել՝ կախվելով ծառից: Դեպքի վայր է մեկնել մեկ փրկարար հաշվարկ: Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են 1986 թ. ծնված Ա. Ն.-ի դին: Հանգամանքները պարզվում են:




























